UX քոնթենթի մասին. ինչո՞վ է տարբերվում և ինչպե՞ս մասնագիտանալ

Written by  Nazeli Abrahamyan

Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2019 16:10

UX քոնթենթի մասին. ինչո՞վ է տարբերվում և ինչպե՞ս մասնագիտանալ

Վերջերս հանդիպե՞լ եք UX քոնթենթ բառակապակցությունը։ Այն հիմա թվային մարքեթինգի ոլորտում շատ է հանդիպում ու, կարելի է ասել, որ դարձել է թրենդային։ Չէ՞ որ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Spotify-ը, Netflix-ը, Dropbox-ը և այլք, ակտիվորեն փնտրում են UX (User Experience) քոնթենթ մասնագետների։

 

 

Այդ իսկ պատճառով եկեք ներկայացնենք, թե ինչ է UX քոնթենթը, ով է դրա մասնագետը և ինչով է տարբերվում քոնթենթով զբաղվող այլ անձանցից։ 

 

 

 

 

Ի՞նչ է UX քոնթենթը

 

 

UX քոնթենթը ծրագրային տեքստերն են՝ օգտատերերի և ծրագրի միջև կապի հաստատման նպատակով։ Դուք էլի գործ եք ունենում քոնթենթի հետ, բայց միայն ծրագրային հաղորդագրությունների, ինչպես նաև ծրագրի հետ կապված տեքստերի հետ։ UX քոնթենթի հարցում ևս կարևոր են բովանդակության հիմնական հատկանիշները՝ լինի դա նույն բառերի օգտագործում, ճիշտ քերականական կառույցներ, թիրախային լսարանի ու կոնտեքստի կապ և այլն և այլն։

 

UX քոնթենթը համարվում է բովանդակության ստրատեգիայի մի մասը, որին զուգահեռ կա նաև տեղեկատվական ճարտարապետությունը (information architecture) և մարքեթինգային քոնթենթը (marketing writing)։

 

 

ի՞նչ է UX քոնթենթը

 

 

 

Ինչո՞վ է առանձնանում UX քոնթենթի մասնագետը

 

 

Քոփիրայթինգ

 

 

Քոփիրայթերը հայաստանյան շուկայում այս ոլորտի ամենապահանջված մասնագետն է։ Նրա առաջ խնդիր է դրված մոտիվացնել օգտատերերին, հասկանալ նրանց գործողությունները, որոնք էլ հետո օգտագործել քոնթենթում։

 

Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ հմտությունները պետք է օգտագործել ապրանքը ներկայացնելու համար։ Օրինակ՝ տեխնիկական սխալ լինելու դեպքում ի՞նչ տեքստ կամ հաղորդագրություն պետք է ցույց տալ և ինչու՞։ Կարելի է ասել՝ քոնթենթի, UX-ի և մարքեթինգի ընդհանուր կետերը հաշվի առնելն էլ հենց ձևավորում է UX քոնթենթը։ Հարց տվեք ինքներդ ձեզ.

 

  • Ի՞նչ տեքստեր են գրվում կոճակների և հասանելի դաշտերի դեպքում կոնվերսիայի համար։
  • Ինչպե՞ս եք համոզում օգտատերերին բաժանորդագրվել էլեկտրոնային նամակներին կամ հետևել վեբկայքին։ 
  • Ի՞նչ հաղորդագրությունների միջոցով եք ավելացնում օգտատերերի քանակը։
  • Ո՞ր հուշող տեքստերն են ավելի համապատասխանում։

 

 

Այս հարցերը վերաբերում են հենց UX քոնթենթին, որոնց պատասխանները ստանալու համար պետք է խորհրդակցել UX-ով զբաղվող մարդկանց հետ։ Պարտադիր չէ ունենալ UX-ի փորձ, չէ՞ որ բոլորս հենց զրոյից ենք սկսել մեր աշխատանքը։ Սկսեք սովորել, ուսումնասիրել և զրուցել այս թեմայի շուրջ թիմակիցների հետ։

 

 

 

 

UX/UI դիզայներ

 

 

Շատ դեպքերում UX քոնթենթ գրելու պարտականությունը դրվում է UX/UI դիզայների վրա։ Բայց եկեք չմոռանանք մարքեթինգի մասին։ Դիզայները կարող է իմանալ, թե ինչ հաղորդագրություն պետք է լինի, օրինակ՝ եթե որոնման արդյունքներ չկան, կամ թե որն է հաջորդ քայլը գրանցվելուց հետո։ Բայց շատ դեպքերում դիզայները հաշվի չի առնում օգտատերերին, ինչի պատճառով էլ տուժում են վաճառքի ծավալները։ Իհարկե, անհնարին ոչինչ չկա և կարելի է սովորել, բայց այդ պատասխանատվությունը կարող է ամբողջությամբ լինել միայն UX քոնթենթի մասնագետինը։

 

 

 

Տեխնիկական հեղինակ

 

 

Պետք է նաև տարբերակել տեխնիկական հեղինակներին, ովքեր կարողանում են հնարավորինս պարզ ներկայացնել ծրագրային բարդ կոնցեպտները։ Ի տարբերություն UX քոնթենթ մասնագետների՝ նրանք տեքստեր են գրում ոչ թե օգտատերերի, այլ՝ ծրագրի համար, և դրանով էլ տարբերվում են UX քոնթենթի մասնագետից։

 

Ծրագրային քոնթենթը կենտրոնանում է, թե ինչ է հնարավոր անել ծրագիրի օգնությամբ կամ հակառակը։ Տեխնիկական տեքստերում օգտագործվում են նաև այլ տերմիններ, ինչը մեծ տարբերության է հանգեցնում։ Ամեն դեպքում հուսով ենք, որ մանուալները կսկսեն գրվել ոչ թե «բժշկի բաղադրատոմսի» նման, այլ հենց օգտատերերի համար։



Տեխնիկական հեղինակը սխալի հաղորդագրությունները գրում է ծրագրի համար, այլ ոչ օգտատերերի, օրինակ՝ the value entered is invalid։ Բայց բնական է, որ այն կարող է հասկանալի չլինել այցելուների համար։ 

 

 

 

Իսկ քոնթենթի ստրատեգիայի մասնագե՞տը

 

 

Այս մասնագետի պարտականությունների մեջ մտնում է ստրատեգիայի որոշումը, նաև տեղեկատվական ճարտարապետությունը (information arcitecture), բայց ոչ UX քոնթենթը կամ այլ քոնթենթ։ Իսկ UX հեղինակը պետք է կարողանա աշխատել նաև այս ուղղությամբ։ Դե ամեն դեպքում դա են պահանջում գործատուները։



 

քոփիրայթեր և ux քոնթենթ

 

 

 

Ո՞րն է UX քոնթենթի մասնագետի աշխատանքի նկարագրությունը

 

 

Տարբեր ընկերություններ փնտրում են տարբեր հմտություններով մարդկանց։ Մենք հավաքել ենք աշխատանքի տասնյակ նկարագրություններ, որպեսզի հասկանանք, թե ինչ են հիմնականում պահանջում UX քոնթենթի հեղինակներից աշխարհի տարբեր ընկերություններում։ Ահա դրանք.

 

  • UX ոլորտի հետ աշխատանքային փորձ (ծրագրի կամ վեբի),
  • ունակություն ստեղծել տեքստեր տարբեր ձևաչափերով՝ միկրոքոփիից մինչև լայնածավալ տեքստեր,
  • ծրագրի դիզայնի ընկալում և բիզնեսի զարգացում,
  • տվյալների հետ աշխատանքային փորձ, այսինքն՝ հետևել, հասկանալ, թե ինչպես օգտագործել վաճառքների ավելացման հարցում և կիրառել գործում,
  • ներգրավվածություն օգտատերերի ուսումնասիրությունների մեջ։

 

 

 

քոնթենթի մասնագետի աշխատանքի նկարագրություն

 

 

 

UX քոնթենթի ստեղծման կանոններ

 

 

Խոսեցինք նշանակության ու պարտականությունների մասին, այժմ անցնենք գործնական խորհուրդներին։ Գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել որակյալ UX քոնթենթ։ Ներկայացնենք կանոններից մի քանիսը.

 

 

  • Հակիրճ տեքստեր

 

 

Օգտագործեք կարճ բառեր ու նախադասություններ և խուսափեք ավելորդ բառերից։ Օրինակ՝ «Սեղմեք այս կարմիր կոճակը» տեքստում կարող եք բաց թողնել «կարմիր» բառը, առանց դրա էլ օգտատերը հասկանում է՝ ինչ կոճակի մասին է խոսքը։

 

 

  • Հստակ բառեր

 

 

Խուսափեք անորոշ կամ ոչ գրագետ բառերից։ Շատ լավ օրինակ է Google-ում հյուրանոցներ ամրագրելու գործիքի քոնթենթը։



ux քոնթենթի օրինակ

 

 

Այստեղ Book a room տարբերակը փոխարինվել է Check availability-ի հետ, ինչը պակաս ստիպողական է, արդյունքում՝ օգտատերերի ներգրավվածությունն աճել է 17%-ով։ Նման լավ արդյունքներ կարող է ունենալ նաև ձեր ապրանքը ճիշտ UX քոնթենթի դեպքում։

 

 

 

  • Ոչ մի տերմին

 

 

Մի օգտագործեք տեխնիկական բառեր, եթե դրանք խորթ են օգտատերերին ։ Կարելի է ուղղակի ասել «Պահպանել», այլ ոչ՝ «Պահպանել ֆայլը բազայում»։

 

Evernote-ը, օրինակ, խուսափել է տեխնիկական տերմինների օգտագործումից՝ պարզեցնելով հիշողության սահմանի հաղորդագությունը։

 

 

առանց տերմին քոնթենթ

 

Իսկ Venmo-ն Terms & Conditions տերմինը փոխարինել է ավելի «մարդկային» լեզվով՝ The legal stuff։

 



դրույթների քոնթենթ

 

 

 

 

  • Կարճ պարբերություններ

 

 

Պայմանականորեն կարող ենք որոշել, որ պարբերության երկարությունը կարող է լինել 70 սիմվոլի սահմաններում։ Հավատացեք՝ երկար նախադասություններն օգտատերերին այդքան էլ չեն հետաքրքրում։



  

  • Տառադարձված թվեր

 

 

Մեկից ինը թվերը կարող եք գրել տառերով, իսկ 10-ից սկսած՝ թվերով։

 

 

 

  • Հապավումներ

 

 

Ցանկալի չէ հապավումների չափից շատ օգտագործումը։ Անգլերենի դեպքում էլ խուսափեք it’s, there’s, what’s և նմանատիպ ապաթարց տարբերակներից։ Թեև հապավումների դեպքում կարճ տեքստեր եք ստանում, այնուամենայնիվ, դրանք ցրված ու ոչ ֆորմալ տպավորություն են թողնում։

 

  

 

  • Մեծատառ-փոքրատառ

 

 

Այս հարցը երկար քննարկումների տեղիք է տալիս՝ պե՞տք է բոլոր բառերը մեծատառ լինեն, թե՞ միայն առաջին բառը լինի։ Ցանկացած որոշման դեպքում պարզապես հետևեք կանոններից միայն մեկին։ Որոշողը դուք եք։

 

 

 

  • Ի՞մ, թե՞ Ձեր

 

 

Այս հարցը նույնպես վիճելի է։ «Ձեր կայքերը» նշելիս կոնտեքստն ավելի անմիջական է դառնում, այնինչ «Իմ կայքերը» սեփականության զգացում է տալիս օգտատիրոջը։ Բացի դրանից, կարող եք նեյտրալ լինել ու պարզապես գրել «Կայքեր»՝ առանց անձնավորման։ Ցանկացած դեպքում, հետևեք ձեր ընտրած մի տարբերակին, ընտրությունը ձերն է։

 

Օրինակ՝ Ucraft-ում հանդիպում է «Իմ կայքերը» տարբերակը և հետևողականորեն նշվում է իմ դերանունով։



հոգնակիի օգտագործումը ծրագրում

 

 

 

 

  • Դրական կառույցներ

 

 

Օգտատերերին ավելի դուր կգա ոչ թե «Դուք չեք կարող այս անունով կայք ստեղծել» տարբերակը, այլ «Այս անունով կայք արդեն գոյություն ունի»-ն։ Համաձայն չե՞ք։

 

 

 

  • Հումորի օգտագործում

 

 

Երբեմն կարելի է հումորով մոտենալ, եթե թիրախային լսարանին դա դուր կգա։ Հենց այդպես է ներկայանում Hipmunk-ը, երբ փորձում ես հյուրանոց ամրագրել 30 օրից ավելիի դեպքում։



հումորի օգտագործում կայքում

Ամեն դեպքում ամեն ինչ կախված է բրենդի դիրքորոշումից։ Pixar-ի դեպքում 404 էջը ավելի դրական է ներկայացվել՝ օգտագործելով իրենց ֆիլմերից մեկի կերպարը։ Այս քոնթենթի շնորհիվ օգտատերերի ավելի քիչ տոկոս կլքի կայքը։

 



404 էջի քոնթենթ

 

 

Այնպես որ, սկսեք լավագույնս ներկայացնել ձեր ապրանքի կամ կայքի քոնթենթը, որպեսզի ավելի շատ օգտատերեր սկսեն օգտվել ձեր ծառայություններից։ Իսկ եթե դեռ չեք սկսել ձեր ապրանքի կամ ծառայության վեբկայքի ստեղծումը, ապա ճիշտ ժամանակն է։ 



 

Ասեմ ավելին, կարող եք բաժանորդագրվել UX քոնթենթի վերջին նորություններին և հետ չմնալ ոլորտի թրենդերից, իսկ որն ամենակարևորն է, կծանոթանաք նաև հասանելի աշխատատեղերին:

 

 

Դե ինչ, անցնե՞նք գործի։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։