Ինչպե՞ս վերբեռնել և օպտիմիզացնել հոլովակներ YouTube-ում

Written by  Nazeli Abrahamyan

Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019 18:33

Ինչպե՞ս վերբեռնել և օպտիմիզացնել հոլովակներ YouTube-ում

Վերջերս վիդեո քոնթենթը շատ թրենդային է դարձել։ Չէ՞ որ հիմա լայն հնարավորություններ կան ստեղծելու տպավորիչ էֆեկտներով և բովանդակությամբ հոլովակներ։ Այս թրենդը ակտուալ է նաև հայ իրականության մեջ։

 

 

Եթե արդեն ստեղծել ու ժամերով խմբագրել եք ձեր հոլովակը, ապա ժամանակն է ներբեռնել այն համապատասխան հարթակներում՝ դե իհարկե, YouTube։ Այն համարվում է ամենալայնածավալ հարթակը, հատկապես մանր և միջին բիզնեսների համար, քանի որ անվճար է և օգնում է ավելացնել կայքերի թրաֆիկը։

 

 

Տեսականից անցում կատարելով գործնականի՝ ներկայացնենք, թե ինչպես քայլ առ քայլ վերբեռնել հոլովակներ ձեր YouTube-յան ալիք։



 

youtube մարքեթինգ

 

 

 

 

Ի՞նչն է կարևոր մինչև հոլովակ վերբեռնելը

 

 

Նախքան վերբեռնելը հիշեք, որ այն պետք է համապատասխան ֆորմատով լինի։ Բայց դե YouTube-ն այդքան հայտնի չէր լինի, եթե ամենատարածված բոլոր վիդեո ֆորմատներով չաշխատեր։ Ահա դրանց ցանկը.

 

.MOV

.MPEG4

.MP4

.AVI

.WMV

.MPEGPS

.FLV

3GPP

WebM

DNxHR

ProRes

CineForm

HEVC (h265)

 

 

Եթե Ձեր հոլովակը այլ ֆորմատի է՝ ինչը շատ քիչ է հավանական, օգտվե՜ք YouTube-ի troubleshooter-ից՝ իմանալու, թե ինչպես փոխարկել վիդեոն։

 

Նախնական փուլում կարող եք նաև չներառել երաժշտությունը։ Ահա, թե ինչու. եթե դեռ չեք կողմնորոշվում՝ ինչ երգ եք ուզում ձեր հոլովակի համար, ապա YouTube-ը կարող է օգնել այս հարցում։ Այն առաջարկում է անվճար և բազմաժանր երգադարան, որպեսզի դուք կարողանաք ավելացնել երաժշտություն և ձայնային էֆեկտներ։ Սա հիանալի տարբերակ է, քանի որ հետագայում կարող եք փոփոխել երգը, եթե այն չեք հավանել։ Բինգո՜։



 

Ինչպե՞ս վերբեռնել հոլովակը YouTube

 

 

  1. Մուտք գործեք ձեր YouTube հաշիվ, որը նույնն է, ինչ ձեր Gmail-ը։ Այսինքն՝ նոր հաշիվ բացելու կարիք չկա, եթե օգտվում եք Google Mail-ից։ 

 

  1. Սեղմեք վիդեոյի պատկերը (վերին աջ անկյունում)։

 

  1. Ընտրեք «Ներբեռնել վիդեո» (Upload Video)։

Կարող եք նաև սեղմել Go live տարբերակը և լայվ ներկայանալ ձեր դիտողներին։ Չէ՞ որ հիմա դա շատ ակտուալ է։

 

  1. Այնուհետև, սեղմեք «Ընտրեք ներբեռնվող ֆայլերը» (‘Select files to upload’) և նշեք համակարգչի վիդեո ֆայլերը, կամ էլ կարող եք քաշել-գցել համապատասխան(ներ)ը։

 

 

ինչպես բեռնել youtube վիդեո

  

 

  1. Քայլերից մեկը կարող է լինել հոլովակի գաղտնիության կարգավորումներ ընտրելը՝ լինի հանրային, միայն հղումով, թե միայն ձեզ համար։

 

  1. Եվ վերջապես ուշադիր եղեք ձեր հոլովակի անունը ընտրելիս, որը չլրացնելու դեպքում կվերբեռնվի ֆայլի վերնագրով, օրինակ՝ Այդ իսկ պատճառով աշխատեք լրացնել բոլոր տվյալները՝

 

  • գրեք համապատասխան և բովանդակալից վերնագիր, ինչը շատ կարևոր է, քանի որ որոնողական համակարգերում ներկայանալու է հենց նույն անունով,
  • ավելացրեք մանրամասն նկարագրություն, որը ևս կարևոր է դիտողների համար,
  • սահմանեք թեգեր, որոնք կօգնեն ավելի հեշտորեն գտնել ձեր հոլովակը։




 

Վերջին շտկումներ

 

 

Վերբեռնելուց հետո մնում է հավելել որոշ դետալներ՝

 

Երգադարան - ավելացրեք երգեր և ձայնային էֆեկտներ հենց YouTube-ից։

 

Աղոտ դեմքերի էֆեկտ - եթե ուզում եք կամ կարիք ունեք աղոտացնել հոլովակի մարդկանց դեմքերը, ապա ‘enhancements tab’-ում գտեք ‘custom blur’ տարբերակը և ավելացրեք ձեր վիդեոյին։

 

Վերջին կադրեր - ձեր հոլովակի վերջին 5-20 վայրկյանը կարող եք ավելացնել եզրափակող կադրեր, որտեղ կարող եք ներկայացնել ձեր ալիքը, այլ վիդեոներ, հղումներ կամ բաժանորդագրության կոճակը։ Կարող եք օգտվել YouTube-ի  առաջակած հատուկ նմուշներից՝ հեշտացնելով ձեր գործը։

 

Քարտեր - Քարտերն ուղղորդում են դիտողներին դեպի տարբեր հղումներ (հատուկ հաստատված կայքերի ցանկից), որոնք կարող են ցուցադրվել նկարների, վերնագրերի հետ՝ կախված քարտի տեսակից:

 

Փակ սուբտիտրեր - YouTube-ը հեշտացրել է ձեր գործը նաև այս դեպքում։ Պարզապես ընտրեք լեզուն, վերբեռնեք սուբտիտրերի ֆայլը կամ էլ փոխանցեք տեսանյութի բոլոր խոսակցական մասերը, որպեսզի այն ինքնաբերաբար ընկալվի:



Ձեր հոլովակը պատրաստ է։



youtube վիդեո բեռնում

 

 

 

Ինչպե՞ս օպտիմիզացնել հոլովակները

 

 

Բայց մի րոպե, կարծում եք՝ այսքանը բավարա՞ր է, որպեսզի շատ դիտումներ ունենաք։ Ո՛չ։ Հենց այս նպատակով էլ մեր խորհրդով կօգնենք ձեր հոլովակները օպտիմիզացնել, որպեսզի առավել հեշտությամբ դրանք գտնվեն որոնողական համակարգերում և հենց YouTube-ում։

 

Բարձր դիրքեր գրավելու համար պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ հոլովակը պիտի գրավի և’ YouTube-ին, և’ դիտողներին։ Պատրա՞ստ եք։ Դե անցնենք գործի։



 

1. Բանալի բառերի ուսումնասիրություն

 

 

Հոլովակի բեռնումից հետո ձեզնից պահանջվում է լրացնել վերնագիրը, նկարագրությունը և ավելացնել թեգեր։ Իհարկե սա դժվար գործ չէ, բայց այս գործընթացի ամենակարևոր կետերից է։ Նախքան լրացնելը կենտրոնացեք բանալի բառերի ուսումնասիրության վրա։ Կարող եք օգտվել ձեր նախընտրած գործիքից՝ լինի դա Google-ի Adwords Keyword Planner-ը, թե մեկ ուրիշը։ Կարող եք նաև վերլուծել մրցակիցների բանալի բառերը։ Նպատակը մեկն է՝ հասկանալ, թե որ բանալի բառերն են ձեր հոլովակին համապատասխանում։

 

 

 

Ի՞նչ բանալի բառերի վրա կենտրոնանալ

 

 

Հաշվի առեք, որ երկար բանալի բառերը շատ ավելի նպատակահարմար են, քանի որ մրցակցությունը համեմատաբար ավելի քիչ է, քան կարճի դեպքում։ Օրինակ՝ եթե ուզում եք թիրախավորել “iPhone review” բանալի բառը, ապա փորձեք ընտրել առավել երկար տարբերակը՝ “iPhone battery life review”։ Թեև այն ավելի քիչ որոնումներ կունենա, բայց մրցակցությունը քիչ կլինի, իսկ որոնումները՝ թիրախավորված։ Գովազդելու դեպքում էլ գնի առումով այն ավելի շահավետ կլինի։



 

Արդյո՞ք բանալի բառերը նկարագրում են հոլովակը

 

 

Կատարե՞լ եք բանալի բառերի ուսումնասիրություն։ Այժմ համոզվեք, որ դրանք առավելագույնը նկարագրում են ձեր վերբեռնած հոլովակը։ Կարող եք նաև փնտրել այդ բառերը հենց Google-ում, որպեսզի համոզվեք՝ որոնման էջում ցուցադրվում են վիդեոներ, թե ոչ։ Այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են “how to,” “review,” “hands-on” և “unboxing”, ունեն հայտնվելու նախադրյալ որոնման առաջին հորիզոնականներում թե՛ YouTube-ում, թե՛ Google-ում։



youtube-ի բանալի բառեր 

 

 

 

2. Գրավեք YouTube-ի ուշադրությունը

 

 

Առաջին քայլից հետո անցնենք տվյալների իրացմանը։

 

 

Վերնագրի ընտրություն

 

 

Ձեր հոլովակի քոնթենթն էլ կարող է որոշել վերնագիրը, սակայն կարևոր է ներառել բանալի բառերը հենց սկզբում։ Եթե ձեր վիդեոն անձնական բրենդինգի մասին է, ապա “How to” հատվածը բնական է, որ գտնվի սկզբում։ Հիշեք, որ սա աքսիոմ չէ և կարող է տարբերվել  ձեր հոլովակի դեպքում։

 

Ցանկալի է, որ վերնագիրը լինի կարճ-կոնկրեկտ։ Հիմնական բառերից բացի, մյուս տեղեկությունը կարող է տեղ գտնել նկարագրության հատվածում։ Նաև, կարող եք բանալի բառերը ներառել հոլովակի ֆայլի անվան մեջ, օրինակ՝ “YouTube_iPhone_Battery_Life_Review.mp4”.



 

Նկարագրության ընտրություն

 

 

Ինչպես գիտեք՝ նկարների դեպքում Google-ի ռոբոտները միանգամից չեն «հասկանում», թե ինչ է պարունակում նկարը։ YouTube-ի դեպքը նույնն է. հոլովակ ներբեռնելուց հետո այն չի վերլուծում բովանդակությունը։ Վեբկայքերի դեպքում նկարները պետք է պարունակեն ալտ-տեքստեր որոնողական համակարգերի համար։ YouTube-ի դեպքում այդ գործառույթը կատարում է նկարագրությունը։

 

Կարևոր է նշել, որ մանրամասն նկարագրությունը կարող է քիչ տարածված, բայց շատ ավելի արդյունավետ լինել, հատկապես տեքստի սկզբում։ Քանի որ երկար նկարագրություն գրելիս դուք ներառում եք առավել շատ տեղեկություն YouTube-ի և դիտողների համար, ինչն էլ դրական կարող է ազդել ձեր հոլովակի վարկանիշի վրա։

 

Բացի դրանից, այն տալիս է հիանալի հնարավորություն տեղադրել ձեր վեբկայքի, ինչպես նաև սոցցանցերի անթիվ հղումներ։ Ազատ եք սպամել։

 

 

youtube վիդեոյի նկարագրություն

 

 

 

Թեգերի ընտրություն

 

YouTube-ի դեպքում թեգերը նույնպես կարևոր են։ Կարող եք ընտրել ընդհանուր կամ հատկանշական թեգեր, ինչպես նաև օգտագործել ձեր երկար կամ կարճ բանալի բառերը։

 

Եթե երբևէ լսել եք, որ յուրաքանչյուր վիդեո պետք է ունենա 20 թեգ, ապա իմացեք, որ սա այլևս ակտուալ չէ։ Կարող եք ավելացնել այնքան թեգ, ինչքան հարկ եք համարում։ Դրանց թիվը կարող է հատել 20-ը, կարևորը՝ լավագույնս ներկայացնի հոլովակի բովանդակությունը։



 

 

3. Գրավեք դիտողների ուշադրությունը

 

 

Անցնենք առաջ։ YouTube-ից հետո ժամանակն է գրավել դիտողների ուշադրությունը։ Ավելի մանրամանս կներկայացնենք, թե ինչպես կարող եք դա անել։ 

 

 

 

Աչքի ընկնող հիմնական պատկեր

 

 

Եթե արդեն մտածել եք ձեր հոլովակի հիմնական արտահայտությունը, ապա YouTube-ում որոնեք այն, որպեսզի գտնեք ձեր մրցակիցներին։ Ուշադրություն դարձրեք վիդեոների հիմնական պատկերին, արդյո՞ք կա ընդհանրություն դրանց միջև։ Գտա՞ք, շատ լավ։ Ուրեմն, ձեր հոլովակի պատկերը թող լինի լրիվ հակառակը։ Դա կարող է լինել գույնը կամ գրվածքը։ Սակայն, կարիք չկա ներառել բազմազան գույներ։

 

YouTube-ի դիտողները սովորաբար ընտրում են աչքի ընկնող վիդեոներ, այնպես որ ձեր հիմնական պատկերով կարող եք գրավել նրանց։

 

 

youtube ալիքներ

 

 

 

Ներգրավվող բովանդակություն հենց սկզբում

 

Շատ դեպքերում, դիտողները արագ կորցնում են հետաքրքրությունը ներածության ժամանակ։ Այնպես որ, փորձեք նրանց պահել էկրանների առաջ՝ առնվազն առաջին  15 վայրկյանների ընթացքում։ Ինտրոն դարձրեք կարճ և բովանդակալից։ Նշեք, թե ինչ են դիտելու առաջիկա վայրկյաններին կամ րոպեներին։ Կարող եք յուղոտ պատառը թողնել վերջում։ Չէ՞ որ մենք բոլորս YouTube-ում փնտրում ենք ուսուցողական կամ զվարճացնող հոլովակներ, այնպես որ հետևեք այս կանոնին։



 

Հետաքրքրություն ողջ հոլովակի ընթացքում

 

 

Եթե ձեզ համար դիտողների ուշադրությունը գրավելը խնդիր չէ, ապա փորձեք  լարվածություն մտցնել ողջ հոլովակի ընթացքում։ Հավանաբար նկատած կլինեք, որ վիդեոյի նախաբանում շատերը նշում են, թե ինչ են ներկայացնելու և նշում, որ վերջում կպատմեն որևէ հետաքրքիր փաստի մասին։

 

Հենց այդ «հետաքրքիր փաստն» էլ կարող է պահել դիտողներին էկրանների առջև։ Այս փորձը կարող է լավ արդյունքների բերել, մնում է կիրառել։



 

«Շփվեք» դիտողների հետ

 

 

Ձեր հոլովակի վարկանիշը կբարձրանա, եթե YouTube-ը տեսնի, որ դիտողների մոտ մեծ հետաքրքրություն է նկատվում։ Սա, իհարկե, նշանակում է, որ նրանք պետք է դիտեն մինչև վերջ։ Կարող եք վիդեոյում նշել, որ լայքեն, բաժանորդագրվեն կամ մեկնաբանեն հոլովակը։ Ինչքան էլ դա պարզունակ թվա, կարող է առաջխաղացում գրանցել։

 

Ի՞նչ կասեք, եթե հարց ուղղեք դիտողներին, որպեսզի պատասխան ստանաք մեկնաբանություններում։ Բայց հետո հետևողական եղեք և պատասխանեք դրանց։

 

Չմոռանաք վերջում ավելացնել քարտեր, վերջին կադրեր կամ բաժանորդագրության կոճակ, որոնց մասին նշեցինք վերևում։



 

4. Կիսվեք բոլորի հետ

 

 

Էլ ի՞նչ մնաց անել։ Իհարկե, տարածել, որպեսզի ձեր լսարանը տեսնի հոլովակը։ Սոցիալական ցանցերը հենց դրա համար են։ Բացի դրանից, կարող եք ավելացնել հոլովակը ձեր կամ ձեր բիզնեսի կայքում։ Եթե ստեղծել եք ձեր կայքը Ucraft-ով, ապա ավելացրեք Վիդեո էլեմենտը, տեղադրեք YouTube հղումը և վերջ։ 



youtube-ի վիդեո

 

 

 

3, 2, 1 action…

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։